Միջինքի գաթա

Մարտի 23 (2022)
Մեծ պահք՝ փետրվարի 28-ապրիլի 17
Զատիկ՝ ապրիլի 17

Միջինքի ամենավառ և մինչ օրս պահպանված խորհրդանիշը գաթան է: Այն անվանել են գաթա, բաղարջ,  տապլա, միջինք, միջունք, պրտոն, տարի, մաջինք կամ մեջինք այլն: Միջինքի կերակրացանկի մաս են կազմել նաև տարբեր հացերը, հատիկավոր ուտեստները, որոնք նույպես խորհրդանշել են առատություն և բարեկեցություն: Բոլորն էլ ունեցել են պասուց բաղադրություն:

Միջինքի գաթան պատրաստել են ձեթով, ալյուրով, շաքարավազով,  մեղրով և զարդարել ընկույզով ու չամիչով: Այն հիմնականում եղել է կլոր: Որոշ բնակավայրերում Միջինքի բաղարջը թխել են լիճքի ջրով: Գաթան հիմնականում թխել են հասակավոր կանայք, տանտիկինները, իսկ կտրել է տան մեծը՝ ադեն կամ ափոն (տատը կամ պապը): Այս շատ սպասված արարողությունը տարբեր վայրերում կատարվել է չորեքշաբթից մինչև կիրակի՝ որևէ օր:

Գուշակության համար մեջը դրվել է ուլունք, մատանի, արծաթյա դրամ, կորիզ, փայտի կտոր և այլն: Միջինքի գաթան բաժանել են ընտանիքի անդամների թվով: Ջուղայում հավատացել են, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ նշանը դեմ առնի դանակին, ապա ապրուստը պետք էր սպասել հողից: Եղել է նաև հակառակ պատկերացումը, ըստ որի նշանը դանակի տակ ընկնելու դեպքում դովլաթը պատկանել է ընտանիքի բոլոր անդամներին: Ում բաժնի միջից նշանը դուրս է եկել, ասել են, որ այդ տարի ընտանքի հաջողությունը, բարեկեցությունը նրա հետ է կապված, տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կամ տարվա հաջողակը նա կլինի: Գաթայից դուրս եկածը գտնողին է մնացել: Համբուրել են, դրել գրպանը, իսկ եթե դրամ է եղել, գցել են գանձանակը, որովհետև այս վիճակահանության մեջ «տան բախտն է»:
Բացի գաթայից, Միջինքի օրը փոքրերի համար աշխատանքային գործիքների և տան կահ-կարասու տեսքով հացեր են թխել: Դրանք ուռչելու դեպքում հավատացել են, որ հողը բերքատու,կաթի առատ, մառանները շեն կլինեն:  Խմորից հոր կոչվող գնդեր են պատրաստել, մեկին՝ ցորեն, մյուսին՝ աճար, մյուսին՝ գարի կպցրել, որպեսզի ամեն տեսակի բերք ունենան: 

Оставьте комментарий